Օտարերկրացիների, այդ թվում` ազգությամբ հայ օտարերկրացիների իրավունքները և պարտականությունները Հայաստանի Հանրապետությունում

1. Օտարերկրացու իրավական վիճակը Հայաստանում

<<Օտարերկրացիների մասին>> ՀՀ օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներն ունեն ՀՀ քաղաքացիներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ, եթե ՀՀ սահմանադրությամբ, օրենքներով և միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

Օտարերկրացին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ունի սեփականության,աշխատանքի,ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և այլ իրավունքներ:

Օտարերկրյա քաղաքացին ՀՀ վճարում է հարկեր, տուրքեր և կատարում այլ պարտադիր վճարումներ`ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Օտարերկրյա քաղաքացին իր իրավունքները պաշտպանելիս օգտվում է ՀՀ քաղաքացու իրավունքների իրականացման համար սահմանված բոլոր երաշխիքներից, ինչպես նաև օգտվում է իր քաղաքացիության պետության դիվանագիտական պաշտպանությունից:

ՀՀ օտարերկրացիները պարտավոր են հարգել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, իրավական այլ ակտերը, ազգային սովորույթներն ու ավանդույթները:

ՀՀ տարածքում օտարերկրացիները կրում են ՀՀ քաղաքացիներին հավասար պատասխանատվություն, բացառությամբ ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:
Օտարերկրացին պահպանում է քաղաքացիության կողմի հետ իրավական կապը, օգտվում է նրա հովանավորությունից և պաշտպանությունից:

Օտարերկրացին չի օգտվում հետևյալ իրավունքներից`

  • առանց վիզայի ՀՀ տարածք մուտք գործելու,
  • ընտրելու և ընտրվելու ՀՀ պետական իշխանության մարմիններում, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններում,
  • մասնակցելու համաժողովրդական քվեարկությանը(համապետական հանրաքվե),
  • ընդունվելու հանրային ծառայության,
  • ստեղծելու կուսակցություններ և դրանց անդամագրվելու,
  • հողի նկատմամբ սեփականության իրավունքից,

2. Ազգությամբ հայ օտարերկրացու իրավական վիճակը Հայաստանում

Ազգությամբ հայ օտարերկրացու իրավական վիճակը տարբերվում է այլ օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակից նրանով, որ`

  • ✓ ազգությամբ հայ օտարերկրացուն կարող է տրվել ինչպես ժամանակավոր և մշտական,այնպես էլ հատուկ կացության կարգավիճակ .
  • ✓ ազգությամբ հայ օտարերկրացին ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն պարզեցված կարգով :

Այն անձանց,ում շնորհվում է հատուկ կացության կարգավիճակ տրվում է հատուկ տեսակի անձնագիր` 10 տարի ժամկետով, որը հնարավորություն է տալիս`

  • ✓ առանց մուտքի վիզայի ճամփորդել Հայաստան.
  • ✓ Հայաստանում օգտվել հողի նկատմամբ սեփականության իրավունքից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ԵՎ ԲՆԱԿՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

ՀՀ-ում օտարերկրացիների գտնվելու և բնակվելու համր <<Օտարերկրացիների մասին>> ՀՀ օրենքով սահմանված է կացության երեք կարգավիճակ.

ժամանակավոր
մշտական
հատուկ

Նշված կացության կարգավիճակները հաստատող փաստաթղթերն են համապատասխանաբար`
ժամաակավոր կացության քարտը
մշտական կացության քարտը
հատուկ անձնագիրը

1.Ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակ տալու հիմքերը

Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է յուրաքանչյուր օտարերկրացու, եթե նա հիմնավորում է, որ գոյություն ունի ՀՀ տարածքում մեկ տարի և ավելի ժամկետով իր բնակվելը հիմնավորող հետևյալ հանգամանքներից որևէ մեկը`

  • ▪ ուսումը
  • ▪ աշխատանքի թույլտվության առկայությունը
  • ▪ ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում օրինական կարգով բնակվող օտարերկրացու հետ ամուսնությունը
  • ▪ ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու մերձավոր ազգականը (ծնող, եղբայր, քույր, ամուսին, զավակ, տատ, պապ, թոռ ) լինելը
  • ▪ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը
  • ▪ ազգությամբ հայ լինելը

Մշտական կացության կարգավիճակը տրվում է օտարերկրացուն, եթե նա`

  • ▪ ապացուցում է ՀՀ-ում իր մերձավոր ազգականների (ծնող, ամուսին, եղբայր, քույր, զավակ, տատ, պապ, թոռ) առկայությունը, կամ
  • ▪ ՀՀ-ում ապահովված է բնակարանով և գոյության միջոցներով, կամ
  • ▪ մինչև մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելն օրենքով սահմանված կարգով առնվազն երեք տարի բնակվել է ՀՀ-ում, կամ
  • ▪ ՀՀ-ում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն,
  • ▪ ազգությամբ հայ է:

2.Ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակ տալու ժամկետները

Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է մինչև 1 տարի ժամկետով` յուրաքանչյուր անգամ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Ժամանակավոր կացության կարգավիճակը երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվի կարգավիճակի ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ:

Ընդ որում, ժամանակավոր կացության կարգավիճակ ձեռք բերած օտարերկրացին ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու հետ ամուսնությունը լուծվելու կամ անվավեր ճանաչվելու դեպքում կարող է դիմել ժամանակավոր կացության կարգավիճակը երկարաձգելու դիմումով, եթե հիմնավորվում է, որ ամուսնության մեջ է գտնվել և ՀՀ տարածքում բնակվել է առնվազն մեկ տարի:

Մշտական կացության կարգավիճակը տրվում է 5 տարի ժամկետով`յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ
Մշտական կացության քարտը երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվի մշտական կացության քարտի վավերականության ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ:

3.Հատուկ կացության կարգավիճակ տալու հիմքերը

Հատուկ կացության կարգավիճակ տրվում է`

  • ազգությամբ հայ օտարերկրացիներին.
  • ՀՀ-ում տնտեսական կամ մշակութային գործունեություն ծավալող այլ օտարերկրացիների:

4.Հատուկ կացության կարգավիճակ տալու ժամկետները, կարգը
Հատուկ կացության կարգավիճակ տրվում է տասը տարի ժամկետով: Այն կարող է տրվել մեկից ավելի անգամ:

Ավելի մանրամասն տեղեկությունների համար գրեք մեզ info@jurist.am հասցեին, մեր մասնագետները միշտ պատրաստ են օգնել Ձեզ:

WhatsAppTelegramViberMessenger