Հայաստանում կենսաթոշակ և սոցիալական նպաստներ ստանալու իրավունքները

ՀՀ քաղաքացիների այլ պետություններ մեկնելու դեպքում կենսաթոշակ ստանալու երաշխիքները

Մինչ 05.02.2009թ. գործող կարգի համաձայն` այլ պետություն մշտական բնակության մեկնելու դեպքում կենսաթոշակ վճարելը դադարեցվում էր: Այլ պետություն մշտական բնակության մեկնող կենսաթոշակառուին միանվագ վճարվում էր վեց ամսվա կենսաթոշակ կամ մինչև կենսաթոշակ ստանալու ժամկետը լրանալը, բայց վեց ամսից ոչ ավելի:

Նշված գումարը կենսաթոշակառուին վճարվում էր նրա գրավոր դիմելու և հաշվառումից դուրս գալու դեպքում` մեկ ամսվա ընթացքում, որից հետո կենսաթոշակի վճարումը դադարեցվում էր:

05.02.2009թ. ուժի մեջ մտած` <<Պետական կենսաթոշակների մասին>> ՀՀ օրենքի փոփոխություններով և լրացումներով վերոնշյալ կարգը ուժը կորցրած ճանաչվեց: Այսուհետ, այլ պետության մշտական բնակության մեկնելու դեպքում քաղաքացու կենսաթոշակը վճարվում է լիազորագրով:

Կենսաթոշակը մեկ լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի` սկսած կենսաթոշակ չստացված ամսից: Նշված ժամկետը լրանալուց հետո պետք է ներկայացվի նոր լիազորագիր, որը կգործի նույն (տասներկու ամիս) ժամկետով:

ԿԱՐԵՎՈՐ ՆՇՈՒՄՆԵՐ
▪ Պետք է նկատի ունենալ, որ նախկինում գործող կարգի համաձայն այլ պետություն մշտական բնակության մեկնելու հիմքով կենսաթոշակի դադարեցված վճարումը լիազորագրով չի վերսկսվում: Կենսաթոշակի դադարեցված վճարումը վերսկսելու համար անհրաժեշտ է, որպեսզի քաղաքացին անձամբ գրավոր դիմում ներկայացնի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության այն ստորաբաժանում, որտեղ նշանակվել է իր կենսաթոշակը:

  • ԱՊՀ անդամ պետություններ մշտական բնակության մեկնելու դեպքում ՀՀ քաղաքացիների կենսաթոշակի վճարումը դադարեցվում է, եթե նույն տեսակի կենսաթոշակ նախատեսված է մշտական բնակության պետության օրենսդրությամբ :

Օտարերկրյա քաղաքացիների կենսաթոշակային ապահովության իրավունքը Հայաստանում

Օտարերկրյա քաղաքացու կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է`

  • ▪ ՀՀ միջացգային պայմանագրերին և
  • ▪ ՀՀ ներպետական օրենսդրությանը համապատասխան:

1992 թվականի մարտի 13-ի <<Կենսաթոշակային ապահովության բնագավառում ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին>> համաձայնագրի մասնակից պետությունների ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող քաղաքացիներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակ է նշանակվում ըստ ՀՀ-ում նրանց հաշվառման վայրի, եթե նախկին բնակության երկրում նրան նշանակված կենսաթոշակի վճարումը դադարեցված է:

Կենսաթոշակը նշանակվում է նախկին բնակության երկրում կենսաթոշակի վճարելը դադարեցված լինելու մասին տեղեկանքի կամ կենսաթոշակ նշանակող մարմնից ստացված կենսաթոշակի գործի հիման վրա` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Համաձայնագրով նախատեսված է նաև, որ ԱՊՀ անդամ, ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնող պետությունների, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ-ի պետական մարմինների կողմից մինչև 1991 թվականի դեկտեմբերի 1-ը տրված` ապահովագրական ստաժին վերաբերող փաստաթղթերն ընդունվում են առանց վավերացման:

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց աշխատանքն օգտագործող գործատուները նրանց մասով չեն ազատվում սոցիալական վճարների կատարման պարտականությունից:

ՀՀ-ում վարձու աշխատող օտարերկրացիները չեն ազատվում են սոցիալական վճարների կատարման պարտականությունից:

<<Պետական կենսաթոշակների մասին>> ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը օրենքով սահմանված պայմանների բավարարման և պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության վճարումներ կատարելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունի ՀՀ քաղաքացուն հավասար:

ՀՀ-ում պետական նպաստ ստանալու իրավունք ունեցող անձինք

ՀՀ-ում պետական նպաստ ստանալու իրավունք ունեցող անձինք են`

-ՀՀ քաղաքացիները.
-ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները.
- քաղաքացիություն չունեցող անձինք
-ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք:

Պետական նպաստի տեսակներն են`

  • ▪ ընտանեկան նպաստը և միանվագ դրամական օգնությունը
  • ▪ երեխայի խնամքի նպաստը.
  • ▪ երեխայի ծննդյան միանվագ նպաստը.
  • ▪ զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստը:

Ավելի մանրամասն տեղեկությունների համար գրեք մեզ info@jurist.am հասցեին, մեր մասնագետները միշտ պատրաստ են օգնել Ձեզ :

WhatsAppTelegramViberMessenger