Հայրության ճանաչումը Հայաստանում

Ինչ կարգով է իրականացվում հայրության որոշման պետական գրանցումը Հայաստանում.

Երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի հայրությունը որոշվում է ՔԿԱԳ մարմնում հայրության որոշման պետական գրանցման հիման վրա:

Հայրության որոշման պետական գրանցումը կատարվում է հետևյալ դեպքերում`

  • երեխայի ծննդյան պահին ամուսնության մեջ չգտնվող հոր և մոր համատեղ դիմումի հիման վրա
  • երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող երեխայի հոր դիմումի հիման վրա` երեխայի մոր մահվան, նրան անգործունակ ճանաչելու, մոր գտնվելու վայրը պարզելու անհնարինության, մորն անհայտ բացակայող ճանաչելու կամ նրան ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի, ինչպես նաև հայրության որոշման մասին խնամակալության և հոգեբարձության մարմնի համաձայնության առկայության դեպքում.
  • հայրության կամ հայրության ճանաչման փաստի որոշման մասին դատարանի`օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:

Հայրության որոշման գրանցումը կատարվում է անկախ այն բանից, երեխայի հայրը ամուսնության մեջ է, թէ ոչ:

Չափահաս անձի նկատմամբ հայրության որոշում թույլատրվում է միայն իր համաձայնությամբ, իսկ եթե նա դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ` նրա խնամակալի (հոգեբարձուի) կամ խնամակալության և հոգեբարձության մարմնի համաձայնությամբ:

Ծնողների համատեղ դիմումով հայրության որոշման գրանցման դեպքում երեխայի ազգանունը և անունը որոշվում է ծնողների համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` խնամակալության և հոգեբարձության մարմնի ցուցումով:

Հոր դիմումով հայրության որոշման գրանցման դեպքում երեխայի ազգանունը որոշվում է հոր ցուցումով:

Հայրության ճանաչման դեպքում 10 տարին լրացած երեխայի անվան և ազգանվան փոխումը կարող է կատարվել հաշվի առնելով նրա կարծիքը` գրավոր համաձայնությամբ:

Այն դեպքում, երբ երեխայի հոր մասին տեղեկությունները նախկինում մոր դիմումի հիման վրա նշվել են նրա ծննդի ակտի գրանցման մեջ, բայց չեն համապատասխանում այն անձի վերաբերյալ տեղեկություններին, որը որպես երեխայի հայր է որոշվում, ՔԿԱԳ չի կարող մերժել հայրության որոշման գրանցումը և երեխայի հոր վերաբերյալ նոր տեղեկություններ մտցնելը:

Եթե ծնված երեխայի ծնողները գրանցված ամուսնության մեջ չեն գտնվում, և բացակայում է ծնողների համատեղ դիմումը կամ երեխայի հոր դիմումը` հայրության գրանցման վերաբերյալ, ապա հայրությունը որոշվում է դատական կարգով` համապատասխանաբար ծնողներից մեկի կամ մոր, երեխայի խնամակալի (հոգեբարձուի), կամ այլ անձի դիմումի հիման վրա, որի խնամքին է գտնվում երեխան, իսկ երեխայի չափահաս դառնալուց հետո` վերջինիս ներկայացրած դիմումի հիման վրա: Այս դեպքում դատարանը հաշվի է առնում ցանկացած ապացույց, որը ստույգ հաստատում է, որ տվյալ երեխան սերվել է որոշակի այդ անձից:

Իրեն երեխայի հայր ճանաչած, բայց երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի մահվան դեպքում վերջինիս, որպես երեխայի հայր ճանաչելու (հայրության) փաստը կարող է հաստատվել դատական կարգով:

Որ մարմինն է կատարում հայրության որոշման պետական գրանցումը Հայաստանում.

Հայրության որոշման պետական գրանցումն իրականացնում է հետևյալ ՔԿԱԳ մարմիններից մեկը.

  • երեխայի` ամուսնության մեջ չգտնվող հոր կամ մոր բնակության վայրի կամ
  • երեխայի ծննդի պետական գրանցման վայրի,
  • հայրության կամ հայրության ճանաչման փաստի որոշման մասին վճիռ կայացրած դատարանի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմին, եթե հայրությունը կամ հայրության ճանաչման փաստը որոշվել է դատական կարգով:

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ հայրության որոշման պետական գրանցման համար .

Հայրության որոշման պետական գրանցման համար անհրաժեշտ է.

  • գրանցված ամուսնության մեջ չգտնվող հոր և մոր համատեղ դիմումը,
  • ծնողների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները,
  • երեխայի ծննդյան վկայականը, բացառությամբ այն դեպքերի, երբ հայրության որոշման գրանցումը կատարվում է երեխայի ծննդի գրանցման հետ միաժամանակ:

Միայն հոր դիմումի համաձայն հայրության որոշման գրանցման համար ներկայացվում են`
- հոր դիմումը,

  • դիմողի անձը հաստատող փաստաթուղթ,
  • եթե երեխայի ծնունդը նախկինում գրանցված է եղել` նրա ծննդյան վկայականը,
  • մոր մահվան կամ մորը մահացած ճանաչելու դեպքում` մահվան վկայականը կամ մորը մահացած ճանաչելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը,
  • մորն անգործունակ ճանաչելու կամ մորը ծնողական իրավունքներից զրկելու դեպքերում դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը,
  • մոր գտնվելու վայրը պարզելու անհնարինության դեպքում` մորն անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ ոստիկանության համապատասխան մարմինների կողմից տրված տեղեկանք` մոր վերջին հայտնի բնակության վայրից նրա բացակայության մասին,
  • խնամակալության և հոգեբարձության մարմնի համաձայնությունը.

Եթե խնամակալության և հոգեբարձության մարմինը երեխայի հայրությունը որոշելու համաձայնություն չի տալիս, ՔԿԱԳ մարմին անհրաժեշտ է ներկայացնել հայրության որոշման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը:

Եթե հայրության որոշումը կամ հայրության ճանաչման փաստի որոշումը կատարվել է դատական կարգով, ապա հայրության որոշման պետական գրանցման համար ներկայացվում է`

  • գրավոր դիմումը,
  • դիմողի անձը հաստատող փաստաթուղթը,
  • լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթը և լիազորագիր` հաստատված նոտարի կամ նոտարական գործողություններ իրականացնող այլ անձի կողմից, իսկ այլ պետություններում տրվելու դեպքում` <<Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին>> 1961թ. Հաագայի կոնվենցիայով սահմանված կարգով ապոստիլով հաստատմամբ` նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ (եթե պետությունը կոնվենցիայի անդամ չէ, փաստաթղթերը ենթակա են հյուպատոսական վավերացման, իսկ ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված առանձին պարագայում որևէ հաստատում անհրաժեշտ չէ:
  • դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը,
  • երեխայի ծննդյան վկայականը:

Հայրության որոշման մասին դիմումի ներկայացման օրվա դրությամբ չափահաս անձանց նկատմամբ հայրության որոշման գրանցման դեպքերում ՔԿԱԳ մարմին հայրության ճանաչման դիմումի հետ միասին ներկայացվում են`

  • ծնողների անձը հաստատող փաստաթղթերը,
  • չափահաս անձի անձը հաստատող փաստաթուղթը,
  • չափահաս անձի ծննդյան վկայականը,
  • չափահաս անձի գրավոր համաձայնությունը, որը կարող է արտահայտված լինել այդ անձի առանձին դիմումում կամ ծնողների (հոր դիմումի) համատեղ դիմումի տակ դրված նրա ստորագրությամբ: Նշված համաձայնության բացակայության դեպքում հայրությունը որոշվում է դատական կարգով: Միաժամանակ, չափահասը գրավոր հայտնում է իր ազգանվան փոխման մասին` ցանկանում է կրել հոր ազգանունը, թե պահպանել մոր ազգանունը:

Ինչ ժամկետում է կատարվում հայրության որոշման պետական գրանցումը.

Հայրության որոշման պետական գրանցումը կատարվում է դիմումը ՔԿԱԳ մարմին ներկայացնելու օրը:

Ինչպիսի իրավական հետևանքներ է առաջացնում հայրության որոշման պետական գրանցումը.

Հայրությունը որոշելիս երեխաները ծնողների և նրանց ազգականների նկատմամբ ունեն նույնպիսի իրավունքներ ու պարտականություններ, ինչպիսիք ունեն ամուսնության մեջ գտնվող անձանցից ծնված երեխաները:

Ավելի մանրամասն տեղեկությունների համար գրեք մեզ info@jurist.am հասցեին, մեր մասնագետները միշտ պատրաստ են օգնել Ձեզ :

WhatsAppTelegramViberMessenger