Ամուսնությունը և Ամուսնալուծությունը Հայաստանում

ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏՆՈՒՄ

Ինչ կարգով է իրականացվում ամուսնության պետական գրանցումը Հայաստանում.

Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և ամուսնական տարիքի հասնելը:

Արգելվում է ամուսնություն կնքել`
ա) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկը գտնվում է օրենքով սահմանված կարգով գրանցված մեկ այլ ամուսնության մեջ.
բ) մերձավոր ազգականների (ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների`ծնողների ու զավակների,պապի, տատի ու թոռների, ինչպես նաև հարազատ և համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր և մորեղբոր զավակների) միջև.
գ) որդեգրողների և որդեգրվածների միջև.
դ) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկին դատարանը ճանաչել է անգործունակ:

Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ: Ամուսնության գրանցումը լիազորագրով կամ ներկայացուցչի միջոցով, այսինքն` հեռակա կարգով, չի թույլատրվում:

Որ մարմինն է կատարում ամուսնության պետական գրանցումը.

Ամուսնության պետական գրանցումը կատարում է`
- Ամուսնացողներից մեկի հաշվառման վայրի (բնակության վայրի`համապատասխան տեղեկանքի առկայության դեպքում) ՔԿԱԳ տարածքային մարմինը կամ

  • Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գտնվող`ամուսնության և ծննդի հանդիսավոր գրանցման պալատը.

Առանց մշտական հաշվառման ապրող քաղաքացիների ամուսնության գրանցումը կատարվում է ամուսնացող քաղաքացու ժամանակավոր բնակության վայրի ՔԿԱԳ մարմնի կողմից: Այդ դեպքում քաղաքացին պետք է ներկայացնի տեղեկանք ժամանակավոր բնակության վայրից` տրված իրավասու մարմինների կողմից:
Եթե ամուսնության մասին դիմումը տրվում է ամուսնանալ ցանկացող զինծառայողի կողմից, ըստ ծառայության վայրի, ապա զինծառայողի բնակավայր է համարվում համապատասխան զորամասի կամ հիմնարկի տեղաբաշխման վայրը: Զինծառայողի կողմից ներկայացվում է զինծառայության վայրից տեղեկանք:

Ինչ փաստաթղթեր են ներկայացվում ամուսնության պետական գրանցման համար

Ամուսնության պետական գրանցման համար անհրաժեշտ է`

  • ամուսնացող անձանց համատեղ գրավոր դիմումը.

Եթե ամուսնացող անձանցից մեկը չի կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին`համատեղ դիմում տալու համար, ապա դիմումը`ստորագրված ամուսնացող անձի կողմից կարող է ՔԿԱԳ տարածքային մարմին ներկայացնել նրանցից մեկը: Այդ դեպքում բացակայող անձի ստորագրությունը համատեղ դիմումում պետք է վավերացվի նոտարական կարգով կամ օտարերկրյա պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության հյուպատոսական մարմինների կողմից կամ նոտարի գործառույթներ իրականացնելու իրավասություն ունեցող այլ անձի կողմից:

  • ամուսնացող անձանց անձը հաստատող փաստաթղթերը.

-նախորդ ամուսնության դադարման մասին փաստաթղթերը, եթե անձը նախկինում գտնվել է ամուսնության մեջ (օրինակ`ամուսնալուծության վկայական, ամուսնու մահվան վկայական կամ ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, օտարերկրյա պետության դատարանի կողմից կայացված ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած վճիռ և այլն):

Ինչպես է որոշվում ամուսինների ազգանունը ամուսնության գրանցման ժամանակ.

Ամուսնության պետական գրանցման ժամանակ ամուսնության ակտի գրանցման մեջ ամուսինների ազգանունը լրացվում է նրանց ցանկությամբ (ընդհանուր ազգանուն կամ մինչամուսնական ազգանվան պահպանում):

Եթե ամուսիններն ընտրել են ընդհանուր ազգանուն, ապա այն կարող է լրացվել ամուսիններից մեկի ազգանունով, որը պարունակում է կնոջ և ամուսնու ազգանունը միաժամական: Ընդհանուր ազգանունը չի կարող պարունակել երկու ազգանունից ավելի և գրառվում է գծիկով (օրինակ`այրը Սիմոնյան, կինը`Ասատրյան ընդհանուր Սիմոնյան- Ասատրյան): Եթե ամուսնացողներից մեկն արդեն իսկ կրում է կրկնակի ազգանուն, ՔԿԱԳ մարմինը մերժում է ամուսինների խնդրանքը:

Ինչպիսի իրավական հետևանքներ է առաջացնում ամուսնության պետական գրանցումը.

Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում գրանցված ամուսնությունը: Փաստացի համատեղ բնակությունը, եկեղեցական կարգով ամուսնությունը ամուսինների համար չեն առաջացնում այն իրավական հետևանքները, որոնք ամուսինների համար նախատեսված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գրանցված ամուսնության պարագայում:

Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը միմյանց կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ (ստորև`օտարերկրացու մասնակցությամբ ամուսնություն).

Ինչ կարգով և որ մարմինն է իրականացնում օտարերկրացու մասնակցությամբ ամուսնության պետական գրանցումը Հայաստանում.

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը միմյանց կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ գրանցվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության թույլտվության հիման վրա` ՔԿԱԳ տարածքային մարմնում:

Ինչ փաստաթղթեր են ներկայացվում օտարերկրացու մասնակցությամբ ամուսնության պետական գրանցման համար.

Ամուսնության պետական գրանցման համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալություն են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը.

  • ամուսնացող անձանց համատեղ գրավոր դիմումը .

-ամուսնության բացակայության մասին տեղեկանք`օտարերկրյա իրավասու մարմինների կողմից`<<Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին>> 1961թ. Հաագայի կոնվենցիայով սահմանված ապոստիլով, հաստատմամբ`նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ (եթե պետությունը կոնվենցիայի անդամ չէ, փաստաթղթերը ենթակա են հյուպատոսական վավերացման, իսկ ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված առանձին երկրների պարագայում որևէ հաստատում անհրաժեշտ չէ):

  • նախկին ամուսնության դադարումը հաստատող փաստաթուղթ, եթե անձը նախկինում գտնվել է ամուսնության մեջ` ստորագրությունների վավերականության ապոստիլով հաստատմամբ (եթե պետությունը <<Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին>>1961թ. Հաագայի կոնվենցիայի անդամ չէ, փաստաթղթերը ենթակա են հյուպատոսական վավերացման), նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ (օրինակ`մահվան վկայական, ամուսնալուծության վճիռ, ամուսնալուծության վկայական, տեղեկանք և այլն).
  • անձնագրի պատճենը` Հայաստանի Հանրապետության նոտարական թարգմանությամբ հաստատված:

Ինչ ժամկետում է կատարվում օտարերկրացու մասնակցությամբ ամուսնության պետական գրանցումը.

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության թույլտվությունը տրվում է մինչև 10-օրյա ժամկետում, որից հետո ամուսնության հետագա գրանցումը ՔԿԱԳ տարածքային վայրում իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնության գրանցման համար սահմանված կարգով:

Եթե ամուսնական զույգը ցանկություն ունի սահմանված 10-օրյա ժամկետից շուտ գրանցել ամուսնությունը, ապա բացի պետական տուրքից`պարտավոր է վճարել կառավարության որոշմամբ սահմանված լրացուցիչ արտաբյուջետային գումարը:

Անձը ազատվում է նշված արտաբյուջետային գումարները վճարելուց, եթե առկա են նույն հարգելի պատճառները, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջև ամուսնությունը օրենքով սահմանված ժամկետից շուտ գրանցելու համար:

Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միմյանց կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնությունը սահմանված 10-օրյա ժամկետից շուտ գրանցելու ցանկության դեպքում, բացի պետական տուրքից` վճարվում է կառավարության որոշմամբ սահմանված լրացուցիչ արտաբյուջետային գումարը հետևյալ չափերով`

  • երկու աշխատանքային օրվա ընթացքում գրանցելու համար 150.000 ՀՀ դրամ.
  • հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրանցելու համար 120.000 ՀՀ դրամ.
  • յոթ աշխատանքային օրվա ընթացքում գրանցելու համար 90.000 ՀՀ դրամ.

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ինչ կարգով է իրականացվում ամուսնալուծությունը և դրա պետական գրանցումը Հայաստանում.

Եթե ամուսինների միջև առկա է ամուսնալուծվելու վերաբերյալ փոխադարձ համաձայնություն, ապա նրանց ամուսնալուծությունը կատարվում է ՔԿԱԳ մարմնում:

ՔԿԱԳ մարմնում ամուսնալուծությունը կարող է գրանցվել նաև ամուսիններից միայն մեկի դիմումի հիման վրա, եթե մյուս ամուսինը`

  • դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող.
  • դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ.
  • դատապարտվել է ազատազրկման` երեք տարուց ոչ պակաս ժամկետով:

Վերը նշված դեպքերում ամուսնությունը դադարում է ՔԿԱԳ մարմնում ամուսնալուծության պետական գրանցման պահից:

Ամուսնալուծության գրանցման համար ամուսինները ՔԿԱԳ մարմին են ներկայացնում համատեղ դիմում: Եթե ամուսիններից մեկը հնարավորություն չունի անձամբ ներկայանալու ՔԿԱԳ մարմին` ամուսնալուծության մասին համատեղ դիմում տալու համար, ապա ամուսինների կամքի արտահայտությունը կարող է ձևակերպվել ամուսնալուծության մասին առանձին հայտարարություններով: Նման հայտարարություն տվող ամուսնու ստորագրությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով կամ նոտարի գործառույթներ իրականացնելու իրավասություն ունեցող այլ անձի կողմից:

Ամուսիններն իրավունք ունեն մինչև ամուսնալուծության գրանցումը ցանկացած պահի հրաժարվել ամուսնալուծության մասին իրենց դիմումից:

Ամուսինը, առանց կնոջ համաձայնության, իրավունք չունի ամուսնալուծության դիմում ներկայացնելու կնոջ հղիության ընթացքում:

Ամուսնալուծությունը կատարվում է միայն դատական կարգով, եթե`

  • բացակայում է ամուսնալուծության մասին ամուսիններից մեկի համաձայնությունը
  • ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայության, խուսափում է ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնում կատարելուց
  • ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով:

Դատական կարգով ամուսնալուծվելիս, ամուսնությունը համարվում է դադարած դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելու պահից:

Ինչպես դատական կարգով ամուսնալուծվելիս, այնպես էլ ՔԿԱԳ մարմնում ամուսնալուծվելիս ամուսնալուծությունը ենթակա է պետական գրանցման:

Դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ամուսնալուծության գրանցումը ՔԿԱԳ մարմնի կողմից կարող է կատարվել ինչպես ամուսիններից երկուսի, այնպես էլ մեկի դիմումի համաձայն: Ամուսնալուծության գրանցումը կատարվում է անկախ ամուսնալուծության մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցած ժամկետից: Ամուսնալուծության մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ամուսնալուծություն գրանցելու դեպքերում թույլատրվում է ամուսնալուծության գրանցումը լիազորագրով կամ ներկայացուցչի միջոցով:

Հայաստանում, որ մարմինն է կատարում ամուսնալուծության պետական գրանցումը.

Ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է հետևյալ ՔԿԱԳ մարմիններից մեկը.

  • ամուսինների համատեղ բնակության վայրի կամ
  • ամուսիններից մեկի բնակության վայրի կամ
  • ամուսնության պետական գրանցման վայրի ՔԿԱԳ մարմինը:

Իր կողմից կատարած ամուսնության գրանցման դեպքում ամուսնալուծության պետական գրանցումը կարող է կատարել նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գտնվող` ամուսնության և ծննդի հանդիսավոր գրանցման պալատը :
Առանց մշտական հաշվառման ապրող քաղաքացիների ամուսնալուծության գրանցումը կատարվում է ամուսնալուծվող քաղաքացու ժամանակավոր բնակության վայրի ՔԿԱԳ մարմնի կողմից: Այդ դեպքում քաղաքացին պետք է ներկայացնի տեղեկանք ժամանակավոր բնակության վայրից` տրված իրավասու մարմինների կողմից:

Ինչ փաստաթղթեր են ներկայացվում Հայաստանում ամուսնալուծության պետական գրանցման համար.

Ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացվում են`

  • անձը հաստատող փաստաթուղթ
  • ամուսնության վկայական (առկայության դեպքում)
  • ամուսինների համատեղ դիմումը` ՔԿԱԳ մարմնում ամուսինների միջև փոխադարձ համաձայնության առկայությամբ ամուսնալուծություն կատարելու համար
  • ամուսիններից մեկի դիմումը, եթե մյուսը դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ կամ դատապարտվել է ազատազրկման երեք տարուց ոչ պակաս ժամկետով
  • ամուսնու դիմումը և դատարանի ` օրինական ուժի մեջ մտած վճիռը` դատական կարգով ամուսնալուծություն կատարած լինելու դեպքում:

Ինչ ժամկետում է կատարվում ամուսնալուծության պետական գրանցումը.

  • ամուսնալուծության գրանցումը և ամուսիններից յուրաքանչյուրին ամուսնալուծության վկայականներ տրամադրելը կատարվում է ՔԿԱԳ մարմնի կողմից ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից առնվազն մեկ ամիս հետո, բայց երեք ամսից ոչ ուշ:
  • դատական կարգով ամուսնալուծվելու դեպքում ամուսնալուծության գրանցումը կատարվում է դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո` ՔԿԱԳ մարմին դիմումը ներկայացնելու օրը:

Ինչպիսի իրավական հետևանքներ է առաջացնում ամուսնալուծության պետական գրանցումը.

Ամուսնալուծության պետական գրանցմամբ ամուսինների միջև դադարում են ամուսնական հարաբերություններից ծագող բոլոր պարտավորությունները: Ամուսնության պետական գրանցման ժամանակ իր ազգանունը փոխած ամուսինն իրավասու է ամուսնալուծությունից հետո պահպանել այդ ազգանունը կամ իր ցանկությամբ ամուսնալուծության պետական գրանցումից հետո ստանալ իր մինչամուսնական ազգանունը:

Ավելի մանրամասն տեղեկությունների համար գրեք մեզ info@jurist.am հասցեին, մեր մասնագետները միշտ պատրաստ են օգնել Ձեզ :

WhatsAppTelegramViberMessenger