Երեխայի ծննդի գրանցումը Հայաստանում

Ինչ կարգով է իրականացվում ծննդի պետական գրանցումը Հայաստանում.

Երեխայի ծննդի ակտի գրառման մեջ գտնվող հայրը և մայրը գրառվում են որպես երեխայի ծնողներ` նրանցից որևէ մեկի դիմումի հիման վրա: Ծննդի ակտի գրառման մեջ երեխայի հայրանունը գրառվում է հոր անվամբ:

Եթե երեխայի ծնողներն ամուսնության մեջ չեն գտնվում, ապա երեխայի հոր մասին տեղեկությունները լրացվում են`

  • հայրության որոշման ակտի գրառման հիման վրա
  • երեխայի մոր գրավոր հայտարարության հիման վրա, եթե հայրությունը որոշված չէ: Այս դեպքում երեխայի հոր ազգանունը գրառվում է մոր ազգանվամբ, հոր անունը և նրա հայրանունը`մոր ցուցումով:

Եթե երեխայի ծնողներն ամուսնության մեջ չեն գտնվում, մոր ցանկությամբ երեխայի ծննդի ակտի գրառման մեջ կարող են չլրացվել երեխայի հոր մասին տեղեկությունները:

Ծննդի ակտի գրառման մեջ երեխայի անունը գրառվում է ծնողների համաձայնությամբ: Ծնողների տարբեր ազգանունների առկայության դեպքում երեխայի ազգանունը գրառվում է հոր կամ մոր ազգանվամբ` ծնողների համաձայնությամբ:

Հայաստանում երեխայի ծնունդը գրանցելու համար գրավոր հայտարարությունը ՔԿԱԳ մարմնին տրվում է ոչ ուշ, քան երեխայի ծննդի օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում:

Մեկ տարեկան դարձած երեխայի ծննդի պետական գրանցումը բժշկական կազմակերպության կամ բժշկի կողմից ծննդյան մասին տրված սահմանման ձևի փաստաթղթի առկայության դեպքում իրականացվում է ծնողների (ծնողներից մեկի) կամ շահագրգիռ այլ անձանց գրավոր դիմումի հիման վրա:

Երեխայի չափահաս դառնալուց հետո նրա ծննդի պետական գրանցումն իրականացվում է երեխայի դիմումի հիման վրա:

Ինչ փաստաթղթեր են ներկայացվում ծննդի պետական գրանցման համար.

Հայաստանում երեխայի ծննդի գրանցման համար ներկայացվում է.

  • գրավոր հայտարարություն
  • ծնողների /ծնողներից մեկի/ և դիմողի անձը հաստատող փաստաթուղթ
  • երեխայի ծննդի ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկություններ լրացնելու համար հիմք համարվող փաստաթղթեր (օրինակ` ամուսնության վկայական, ամուսնալուծության վկայական, հոր մահվան վկայական)
  • երեխայի ծնունդը հաստատող փաստաթուղթ`
  • ծննդյան մասին սահմանված ձևի փաստաթուղթ` տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որտեղ տեղի է ունեցել ծնունդը, կամ
  • ծննդյան մասին սահմանված ձևի փաստաթուղթ` տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որը ցուցաբերել է բժշկական օգնություն ծննդի ժամանակ, կամ
  • ծննդյան մասին սահմանված ձևի փաստաթուղթ` տրված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական գործունեությամբ զբաղվող անձի կողմից` բժշկական կազմակերպությունից դուրս ծննդի դեպքում, կամ
  • բժշկական կազմակերպությունից դուրս և առանց բժշկական օգնություն ցուցաբերելու ծննդի դեպքում` ծննդյան մասին սահմանված ձևի գրավոր հայտարարություն` տրված ծննդի ժամանակ ներկա գտնված անձի /անձանց/ կողմից, և երեխայի առողջության մասին բժշկական կազմակերպության տված տեղեկանք:

Վերը նշված փաստաթղթերի բացակայության դեպքում երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվում է երեխայի ծննդաբերության փաստը հաստատող` դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:

Վերը նշված փաստաթղթերից բացի, նաև փոխնակ մոր հետ օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի մեկ օրինակը, եթե երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվում է ամուսնության մեջ գտնվող անձանց, ամուսնության մեջ չգտնվող տղամարդու կամ կնոջ հայտարարությամբ, որոնք օգտվել են օրենքով նախատեսված վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից:

Ինչ ժամկետում է կատարվում ծննդի պետական գրանցումը.

Ծննդի պետական գրանցումը կատարվում է ՔԿԱԳ մարմին դիմումը ներկայացնելու օրը:

Ինչպիսի իրավական հետևանքներ է առաջացնում ծննդի պետական գրանցումը.

Ծննդի պետական գրանցմամբ երեխային տրվում է նրա առաջին փաստաթուղթը, որի միջոցով երեխան օգտվում է իր իրավունքներից` բժշկական ծառայություններից, միանվագ նպաստից, սոցիալական տարբեր ծրագրերից և այլն:

Որքան է կազմում պետական տուրքի դրույքաչափը.

Ծննդի պետական գրանցման, ներառյալ վկայական տալու համար պետական տուրք չի գանձվում:

Ավելի մանրամասն տեղեկությունների համար գրեք մեզ info@jurist.am հասցեին, մեր մասնագետները միշտ պատրաստ են օգնել Ձեզ :

WhatsAppTelegramViberMessenger